«Վայ աշխարհին, գայթակղությունների պատճառով,
գայթակղություններ պիտի գան, բայց վայ այն մարդուն, որի միջով կգա գայթակղությունը»։
(Մատեոս 18.7)
Մեր կողքին, մեր աչքի առջև Ռուսաստանը մերժեց, օրենքով արգելեց այլասերող արժեքները և պատիժ սահմանեց բոլոր նրանց համար, ովքեր կնպաստեն, կտարածեն, կգովերգեն անհեթեթ մարդկային հարաբերություններն այլասերող օրենքները։ ՈՒղղափառ Ռուսաստանը հոգևոր մեծ արթնություն է ապրում. Ռուսաստանն իր մեջքը կուղղի, ոտքի կկանգնի, եթե նրանք նորից սկսել են իրենց հայրենիքը Սրբազան Ռուսիա կոչել, ուրեմն իսկապես ոտքի կկանգնեն։ Դրա իրական արտահայտություններն են հառնող եկեղեցիները, բյուրավոր զանգերի հոգեպարար ղողանջները, արթնացած հոգևորականությունը, և՛ արթուն հովվապետը, և՛ գերարթուն նախագահը։
Քաղաքական գործիչ լինել նշանակում է լինել ազգային գործիչ. իսկ ազգային գործչի նպատակը պետք է լինի ազգային շահը։ Այն պետք է վեր դասվի կուսակցական ու անձնական շահից։ Իր այդ վեհ պարտականությանը զինվորագրված զինվորը պետք է լինի ազգային գործիչը՝ պատրաստ զոհաբերելու ամեն ինչ հանուն ազգայինի։ Ազգային գործչի պարտքն է ճանաչել իր ազգի անցյալը, տեսնել ներկան ու գալիքը։ Ազգը հավաքական մի միավոր, մի ընտանիք է՝ իր տեսակով, իր սովորույթներով, իր առանձնահատկություններով, իր տեսլականով, իր առաքելությամբ ու կոչումով։ Եթե քաղաքական գործիչն այս իմաստների գիտակցումը չունի. եթե չունի ազգայինը պահպանելու պարտքի զգացում, ուրեմն իզուր է մտել մի տեղ, ուր նվիրյալները պետք է լինեն։ Մեր ազգը, Հայկ նահապետից սկսած, իր առանձնացումը, իր մաքառումները, իր պատերազմները և ծանրաճռինչ ճանապարհն անցել է՝ իր ինքնությունը, իր տեսակը, իր ազգային սովորությունները պահպանելու համար։ Իր հայկականությունը պահպանելու համար մեր ժողովուրդն անցավ հրի ու սրի միջով, եկավ հասավ այս բանական ժամանակներին, մի՞թե նրա համար, որ այսօր, առանց դրդապատճառի, կորցնի իր ազգային դիմագիծը։
Մարդու մեջ մարդկայինը ոչնչացնելու, Աստծո ստեղծած արարածին իր պատվավոր բարձունքից ցած բերելու ու չարի ոտքի տակ գցելու խորհուրդը խորհեցին ու ծրագրեցին նախ մարդկության թիկունքում։ Հետո արդեն մարդկության աչքի առջև սերմերը դավադիր ծիլեր տվեցին ու կազմավորեցին մտահնար գաղափարներ, որոնք այսօր արդեն բացեիբաց մատուցվում են՝ քաղցր հեշտության ամայքներում ընդարմացած մարդկությանը։ Մարդկության աչքի առջև շինարարները կառուցել ու կառուցում են մի այնպիսի արտառոց շինություն, որ եթե դրվի արևի լույսի տակ, պարզ կերևան թե՛ սրա պոչը, թե՛ պոզերը, թե՛ ժանիքները։ Հիմա լսենք այդ վարակածին սերմերը սերմանող վարպետներից մեկին։ «Եվրոպան դույզն-ինչ պատկերացում չունի այն մասին, թե իմ միտքը և իմ ողջ գոյությունն ինչ սոսկալի վիճակների շուրջն են շրջանակներ գծում... և որ ինձնով մոտենում է մի աղետ, որի անունը ես գիտեմ, սակայն չեմ արտասանում» (Նիցշեի նամակներից)։
Տեսա՞ք։ Իսկ նրան մեծագույն հանճար, լուսավորիչ համարող մտավոր մարդկությունը կարծում էր, թե դրանք հանճարի պոետական խաղեր են՝ անսովոր մտքի զվարճալի զեղումներ։ Ահա ևս մի խաղիկ պոեզիայի այդ ժանրից. «Ինձ բարիներն ու արդարները բարոյականության կործանիչ են համարում. իմ պատմությունն անբարոյականություն է»։ Հիմա տեսնում եք, թե որտեղ են ծնվում աղետաբեր ամպերն ու ավերիչ խորշակները։
Հոգևոր-մշակութային աղետը մարդկությանը կանգնեցրեց աղետներից մեծագույնի՝ ինքնակործանման աղետի առջև։ Անհատականության կորստին հաջորդեց բարոյական կորուստը, իսկ բարոյական կորստին կհաջորդի մահը, որովհետև առանց բարոյական չափանիշների մարդը չի կարող ապրել։ Բարոյական արժեքները մտացածին գաղափարներ չեն. դրանք մարդու օրգանական բաղադրիչներն են, կազմվածքը և միակ կենսակերպը։ Առանց բարոյական արժեքների մարդը կորցնում է իր մարդկային կերպարանքն ու նմանվում հրեշի։ «Մեղքի վարձը մահն է»,- ասում է Պողոս առաքյալը։ Առաքինությունը գեղեցկություն է, մաքրություն, պարզություն։ Առաքինությունը հավատարիմ է, վստահելի, նվիրական։ Առաքինությունը ցածր կրքերից վեր բարձրացած մարդու կենսակերպն է։ Աստված մարդուն բացառիկ շնորհներով օժտելով՝ բարոյականությունը իբրև հոգու լույս տվեց, իսկ սրտին տվեց առաքինություն, որ մարդու սիրտը համաչափ բաբախի։ Մեծն Պասկալն ասում է.
«Առանց Քրիստոսի վարդապետության մարդը մատնված է արատների աղետների, մոլորությունների, հիասթափության ու մահվան։ Հետևելով Քրիստոսի ուսմունքին՝ մարդիկ կարող են ազատագրվել այդ ամենից։ Քրիստոսը մեր բովանդակ առաքինությունն է և մեր երանությունը։ Առանց Քրիստոսի վարդապետության մարդիկ կհոշոտեն իրար, աշխարհը դժոխք կդառնա և կայլասերվի»։
ԸՆՏԱՆԻՔԸ ԵՐԿՆԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՑՈԼՈՂ ԵՐԿՐԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆ Է
Հեռվից անգամ երևում է, թե ինչպես է քաղաքակիրթ աշխարհի դեմքը այլայլվում, այլափոխվում, թափանցիկ ու խոցելի է դառնում իր իսկ հորինած գաղափարներից ու չափանիշներից։ Ոչ ոք չի ների մարդուն. եթե նա երկնքի տակ ամեն ինչ խեղաթյուրելով գլխիվայր է շրջում։ Երկրի վրա ընտանիքը սրբություն է, մի փոքրիկ նվիրական աշխարհ, դրախտի մի անկյուն, ուր հարաբերությունները հիմնված են սիրո, ըմբռնումի ու վստահության վրա։ Ընտանիքում է երեխան սկսում ճանաչել աշխարհը, ըմբռնել լավն ու վատը, ընկալել բարին ու չարը։ Ավանդական ընտանիքի ջերմ մթնոլորտի մեջ է, որ կազմավորվում է երեխայի իմացական և հոգևոր աշխարհը։ Ընտանիքն է երկրի, պետության ամրության հիմքը. չէ՞ որ սա բոլորս գիտենք, չէ՞ որ սա ենք տեղին-անտեղի թմբկահարում։ Բայց ինչպե՞ս է, որ թույլ ենք տալիս կամ համախոհ ենք դառնում, կամ հանգիստ դիտում ենք, թե ինչպես են Արևմուտքի գերզարգացածները գալիս ու խարխլում հայ ընտանիքը։ Եվ գիտե՞ք՝ ինչն է զավեշտալին. սրանք այնպես են անում, որ մենք մեր ձեռքով քանդենք մեր ընտանիքը։ Տեսնո՞ւմ եք՝ ինչպես են խփում ազգային կառույցի սյուներին, ոնց են ջանում հասնել Կենաց ծառի արմատներին։ Եթե կա ոճիր, ապա կա նաև պատիժ։ Ահա անգամ բնությունն է ցնցվում մարդու սաստիկ մեղքից և հակադրվում պատուհասներով։ Անգամ կենդանիներն են սահմռկում մարդու մեղքից և ճարահատ ըմբոստանում։ Տեսե՞լ եք՝ ինչպես են աստղերը լալիս. իսկ լուսինն ամոթից ինչպես է շիկնում ու կարմրում։ Արեգակի լռության մեջ սպառնալիք կա, ասես ուր որ է հուր կթափի։ Ներողություն եմ խնդրում քնարական զեղումների համար. գիտեմ, որ հիմա դրա ժամանակը չէ, հիմա հարկավոր է քայլել ցերեկվա լույսի միջով, որ կարողանանք տեսնել ու չկորցնել կողմնորոշումը։ Մեծ զգոնություն և դիտողականություն է հարկավոր, որ նկատենք խայծերը, ծաղիկները, թակարդները, ցանցերը, որոգայթները և այն կախարդական շրջանը, որ սարդի անհավանական հմտությամբ և համբերատարությամբ գծում ու գծում են մեր շուրջը։ Մեզ արթուն մնալ է պետք, որ գառան մորթի հագած գայլերը շողոմ ժպիտներով, ծնծղուն խաղալիքներով, փայփլուն նվերներով դոլարի ու ոսկու գունախաղով չշլացնեն մեր աչքերն ու չզրկեն մեզ տեսնելու կարողությունից։ Ովքե՛ր են դրանք, որ այդպես անդադար գնում-գալիս են՝ մեկ բարերարի, մեկ ուսուցչի, մեկ դատավորի տեղ դրած իրենց։ Սրանք գալիս են մեր տունն իրենց տան նման դարձնելու։ Գալիս են տարբեր կազմակերպություններից, տարբեր երկրներից, տարբեր եզերքներից, բանկերից, խորհրդավոր, անհայտ տեղերից, Ժնևից, Լիսաբոնից, Տիզբոնից, խորհուրդներից, կոմիսարիատներից, ասպետական օթյակներից, մի խոսքով, ծովից, ցամաքից, երկնքից, այդպես անդադար գալիս ու գալիս են։ Տե՜ր Աստված, դրանք այդպես տեղատարափ անձրևի պես ամեն օր գալիս են, ու խեղճ մերոնք հարկադրված ընդունում են, հյուրասիրում են, ժպտում, հավաքներ, ժողովներ, ասուլիսներ, փակ ու բաց խորհրդակցություններ, թափանցիկ ու անթափանց հանդիպումներ, իսկ մենք մեր ազգային ու քաղաքական գործիչներից պահանջում ենք, որ աշխատեն, մեր երկիրը դուրս բերեն այս ծանր վիճակից։ Հիմա տեսաք, որ դա պարզապես անհնար է։ Խե՛ղճ գործիչներ, շունչ քաշելու ժամանակ չունեն, էլ ուր մնաց՝ կարողանան իրենց գործն անել։ Հիմա արդեն իսկապես կարելի է երանի տալ այն միամիտ ժամանակներին, երբ մի Մոսկվա կար. այնտեղից էին երբեմն-երբեմն գալիս ու գնում, ու վերջ, դրանով ավարտվում էր։ Տեսնո՞ւմ եք, ինչքան էլ զգույշ լինենք, մեր սիրտը ցավելու պատճառներ հաստատ ունի։ Իմ սիրտը որ ցավո՜ւմ է։ Ես չգիտեմ՝ ինչպես դրանց՝ այդ երկվորներին, հասկացնել, որ սա հնամենի Հայաստանն է, այստեղ ժամանակներն են կանգ առել հանգստանալու համար, այստեղ երկինքն է խոնարհվել ի տես երկրի ցավի, այստեղ անհնարինն է հնարավոր դարձել, և հոգու կանչը Բացարձակն է իրականացրել։ Եվ վերջապես, դրանք պիտի հասկանան, որ մեր մազերն այստեղ հենց այնպես չեն սպիտակում, մենք շատ հաճախ ենք իջնում մինչև խորացող ցավի խորքն ու այնտեղից դուրս գալիս հաղթանակած։ Վերջապես դրանց հարկավոր է ցույց տալ բիբլիական Արարատ լեռն ու այնուհետև տուն ուղարկել։ Մենք այստեղ դժոխքը բաց ենք տեսել. մենք խորհրդային կարգերի հմայքն ենք ապրել ողջ խորությամբ. մենք խաբկանքի, կեղծիքի, պատրանքի, թևավոր դաժանության ծովն ենք անցել ծայրից ծայր։ Մենք ճշմարտության իրական ափն ենք դուրս եկել, ինչպես բազմափորձ Ոդիսևսը դուրս եկավ Իթակեի ափը։ Խորհրդային կարմիր մարգերի աննման ծաղիկների գեղեցկության դեմ անգամ դժոխքի ծաղիկները կխամրեին։ Հիմա ինչ է, ի՞նչ նորագույն ծաղիկներ է մեզ հրամցնում այս նոր խորհրդակարգը՝ Եվրախորհուրդը։
Թույլ տվեք այստեղ կանգ առնել... Այստեղ մտածելու բան կա, բայց չէ՞ որ սրանք կուսկոմիտեներ են, կուսաշխատողներ, կուսակցականներ. անդասակարգ կոմիսարներ, անհայրենիք ակտիվիստներ. արդեն ուզում էի ասել՝ անտուն, անհայրենիք, թափառական բոշաներ, բայց հումորը լուրջ գործին կխանգարի։ Ախր սրանք իսկապե՛ս նոր բոլշևիկներ են՝ ավելի՛ կատարյալ, ավելի՛ հմուտ, ավելի՛ բարեկիրթ, քանի որ փորձառություն ունեն, ավելի նրբամիտ, քանի որ քաղաքակրթությունն են ներկայացնում։ Սրանց ձեռնոցները ճեփ-ճերմակ են՝ սպիտակ, ասես նոր կարած լինեն. սրանք արյուն չեն թափում, սրանք չափազանց հմտացել են նուրբ դիվանագիտական խաղեր խաղալու ասպարեզում։ Արևելքում ճակտորի են խաղում, իսկ արևմուտքցիները միայն նուրբ խաղեր են խաղում, որովհետև սրանք մտածող, մտքի մարդիկ են, նոր բացահայտումներ են արել, գրեթե ամեն ինչի վերաբերյալ նոր տեսակետներ ունեն և ուղղակի չեն կարող դրանք չտարածել ու չնորամուծել. ինչ բառ էլ որ օգտագործեցի, չափն անցա։ Դառնամ տեսնեմ՝ ինչ էի ուզում քիչ առաջ ասել, հա՛, թող դրանք տուն գնան ու իրենց տունը կարգի բերեն, թող գնան մարդավարի տունուտեղ դնեն, առողջ ու շատ երեխաներ ունենան, որ չլինի թե վաղը չէ մյուս օրը՝ թուրքերը, արաբները, աֆրիկացի եկվորները շատանան և ուզած-չուզած՝ կուլ տան սրանց։ Հին հունական մի ավանդապատում կա Եվրոպայի առևանգման մասին. այդ զարմանալի պատմության մեջ գազանն առևանգում է չքնաղ Եվրոպային։ Այս ողբերգական պատմությունը վարպետորեն պատկերել են բազմաթիվ նկարիչներ՝ Ռեմբրանդը, Բուշեն, Տիցիանը, Ռուբենսը, Սերովը, Խաչիկ Հարությունյանը և էլի մեծ ու փոքր նկարիչներ։ Գրեթե բոլորի մոտ էլ նույն պատկերն է պատկերված՝ գազանը՝ ահազդու վայրի ցուլի տեսքով, և գեղեցիկ հերարձակ ու դալկադեմ Եվրոպան։ Անշուշտ, տխուր մի տեսարան է սա, բայց ամենատխուրն այն է, ահա, մեր աչքի առջև այս արկածն ուր որ է կկատարվի։ Ազատ, գեղեցիկ, հոգու բոլոր գույներով ծիածանվող չքնա՛ղ Եվրոպա, այս ո՞նց այսքան փոխվեցիր, ո՞նց այնքան պարզունակ ու հասարակ դարձար, ո՞նց աղտոտեցիր քո մաքուր զգեստները, ո՞նց թույլ տվեցիր, որ ցանկության ստվերը խավարի քո կիսադեմը ու դարձնի քեզ թափանցիկ, մատչելի ու ձեռնհաս. այնքան, որ ինչպես գայլն է կրնկակոխ հետևում արնաքամվող հեծյալին, այդպես գազանն է քեզ ուշի ուշով հետևում, որ առևանգի։ Եթե մենք սիրում ենք մեր եվրոպացի բարեկամներին, ուրեմն պարտավոր ենք նրանց մի խրատ ու խորհուրդ տալ, որ տուն վերադառնալով՝ իրենց տանից չհեռանան այնքան ժամանակ, քանի դեռ չեն խափանել այն պատուհասը, որ իրենք են սարքել իրենց գլխին։
Իսկ երբ մեր այս բարեկամներին մենք տուն ուղարկենք, մենք էլ այստեղ, ուզենք թե չուզենք, ստիպված կլինենք մեր տան գործերով զբաղվել։ Մենք այստեղ մի կերպ յոլա կգնանք մեր ռուսների հետ։ Ինչ էլ լինի, մենք սովոր ենք իրար։ Մենք միասին շատ անգամ ենք հաց ու պանիր կերել խրամատներում։ Մեր ճանապարհները հատվում են անհրաժեշտության խաչմերուկում։ Մենք լրացնում ենք իրար և կարողանում նույն ճանապարհի տխուր կամ ուրախ ճամփորդը լինել։ Մեր այս երկու ազգերը մի պարզ ու անմիջական նկարագիր ունեն, որ շատ մարդկային է՝ եղբայրական համաձայնությամբ և շատ գեղեցիկ Հիսուս Քրիստոսով։
Սուրեն ՊՈՂՈՍՅԱՆ